ԲՐՆՁՈՎ ՇԻԼԱ` ՀԱՄԵՂ և ՕԳՏԱԿԱՐ


Image

 

Կարծում եմ նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ,որ երեխանրի օրգանիզմն անչափ փխրուն և անպաշտպան է:  Ծնողի խնդիրը այն պաշտպանելն ու ամրապնդելն է: Յուրաքանչյուր մանկաբույժ կհաստատի, որ այդ գործընթացում անչափ կարևոր է ճիշտ սննդակարգը: Հետևապես երեխայի սննադակարգում հստակ կանոնների հետևելը, հատկապես եթե խոսում ենք մինչև 1 տարեկան երեխաների առաջին հավելյալ սննդի մասին, պարտադիր պայման է: Խոսելով մանկական սննդակարգի մասին` չենք կարող չանդրադառնել շիլաներին:

Այսօր մասնավորապես խոսելու ենք անչափ համեղ և օգտակար` բրնձի շիլայի մասին:

Դիետոլոգները փաստում են` բրնձի շիլան ամենանուրբ շիլան է: Այն չի գրգռում աղեստամոքսային համակարգ, հակառակը` միայն հանգստացնում և կարգավորում է մարսողությունը: Այն չի պարունակում նաև գլյուտեն, հակաալերգիկ է և դիետիկ:  Բրինձը համարվում  է նաև սպիտակուցիների, ածխաջրերի և հանքանյութերի հիանալի աղբյուր: Այն պարունակում է նաև վիտամին Պե Պե, կարոտին, ֆոլիաթթու, ամինաթթու և այլն: Սակայն որպեսզի այս բոլոր օգտակար նյութերը չանհետանան շիլա պատրաստելու ընթացքում, պետք է որոշակի ցուցումների հետևել:

Սկսենք երեխայի տարիքից և շիլայի չափաբաժնից:

Մասնագետները խորհուրդ են տալիս բրնձի շիլա ներմուծել կրծքով սնուցվող երեխայի սննդակարգ սկսած 6 ասմականից` փոքր չափաբաժիններով. առաջին անգամ մեկ թեյի գդալ, հաջորդ օրը կրկնակի, որից հետո աստիճանաբար չափաբաժինը կարելի է մեծացնել:

Իսկ հիմա ժամանակն է խոսելու բրձով շիլա պատրաստելու կանոնների մասին:

Մասնագետները խորհուրդ են տալիս երեխայի համար շիլա պատրաստելու համար ընտրել կլոր տեսակի բրինձ:Գործընթացը պետք է սկսել բրինձը լվանալուց: Լվացեք այն մի քանի անգամ, մինչև կնկատեք, որ ջուրն այլևս չի պղտորվում: Ամենափոքրիկների համար բրձով շիլա պատրաստելիս, կարելի է բրինձը նախապես լավ լվանալ և չորացնել, հետո աղալ հատուկ սարքավորումներով, այնուհետև եփել եռացող ջրում: Սա կօգնի փոքրիկին ավելի հեշտությամբ կուլ տալ շիլան, իսկ արդեն մի քանի ամիս հետո կարելի է այլևս չաղալ` այդպես նաև օգնելով երեխային նախապատրաստվել ավելի կոշտ սննդատեսակների ընդունմանը:

 Անդրադառնանք շիլայի պատրաստման գործընթացին:

Նախապես եռացած ջրի մեջ լցնում ենք բրինձ, որից հետո ամուր փակում կաթսայի կափարիչը`ուշադիր լինելով, որ կաթսայի և կափարիչի արանքում ոչ մի անցք չմնա: Դիետոլոգները կոչ են անում` բրնձի շիլան պետք է եփել 12րոպե.  4 րոպե բարձր կրակի, 5 րոպե միջին ուժգնությամբ, իսկ վերջին 3 րոպեն թույլ կրակի վրա: Սակայն եփելուց հետո չպետք է միանգամից բացել կափարիչը: Փակ վիճակում այն պետք է ևս 12 րոպե մնա: Բացելուց հետո դուք միանգամից կզգաք բրնձի անմահական բույրը, որն այս ճանապարհով եփվելուց հետո ստացվում է ավելի համեղ և օգտակար:

Եթե շիլան պատրաստում եք մինչև 8-9 ամսական փորքրիկների համար, ապա կարիք չկա դրան ավելացնել աղ, շաքարավազ, կարագ, կաթ կամ որևէ այլ հավելում: Այս հավելումները նախընտրելի է օգտագործել սկսած 8 ամսականից` շատ քիչ քանակությամբ: Ժամանակի ընթացքում բրձով շիլային կարելի է ավելացնել նաև չամիչ, տարբեր տեսակի չորամրգեր, թարմ մրգեր և այլն: 

ՀԵՌՈՒՍՏԱՑՈՒՅՑ և ՓՈՔՐԻԿՆԵՐ. ինչ է կարելի, ինչ չի կարելի


Հեռուստացույց .անշունչ ու առաջին հայացքից անմեղ թվացող այս սարքից այսօր շատերն են վախենում.միֆեր են պտտվում, թե այն իզորու է մի ամբողջսրուոնդ փչացնել:Իրականում ամեն բան այսքան ահավոր չէ, եթե ծնողները տեղեկացված են և զգոն: Եկեք օգնենք մեր երեխաները ճիշտ կիրառել այս տեխնիկան:

Image

*Շատ մուլտֆիլմեր պարունակում են մինիմում խոսք, այդ պարագայում պետք է ծնողը հանդես գա մեկնաբանի դերում: Ամեն պարագայում հիշեք մի ոսկե կանոն. Երեխայի միայնակ մի թողեք հեռուստացույցի առջև, վերահսկեք, թե ինչ է նայում նա, օգնեք, որպեսզի փոքրիկը սխալ չընկալի ասելիքը:

 *Երեխայի համար ընտրեք այնպիսի մուլտեր, որոնք նա ի զորում է հասկանալ և ըմբռնել: Ճիշտ ընտրված մուլտֆիլը երեխայի մեջ շատ նոր ու կարևոր հատանիշներ կձևավորի ` ընկերասիրություն, հանդուրժողականություն, թույլերի հանդեպ կարեկցանք և այլն:

 *Մերօրյա շատ մուլտֆիլեմեր ստեղծվում են բիզնեսի նպատակով: Դրանք խնդիր ունեն  սիրելի դարձնել մուլտհերոսներին, որից հետո վաճառել այն ամենն, ինչի վրա պատկերված կլինեն երեխայի արդեն սիրելի հերոսները: Հեռու պահեք ձեր երեխային այդօրինակ մուլֆիլմերի թիրախը դառնալուց:

 *Սերիալներ, հումորային հաղորդումներ, զվարճալի թոք-շոուներ, մեծերի համար նախատեսված տարբեր բնույթի հաղորդումներ. եթե եթերային աղբ համարվող շատ հաղորդումներ մեծերի համար կարող են որպես ժամանց հանիսանալ և ոչնչով չվնասել նրանց, ապա փոքրիկների համար դրանք կարող են կարծանիչ ազդեցուցյուն ունենալ: Խստիվ արգելեք ձեր երեխաներին դիտել այդօրինակ հաղրդումներ: Դուք էլ նրանց ներկայությամբ մի դիտեք դրանք:

 Մասնագետները հստակ սահմանափակումներ են առաջարկում.

Հեռուստացույց դիտել չի խրախուսվում հատկապես մինչև մեկ տարեկան երեխաներին. այդ տարքի երեխաների համար սահմանված է 15 րոպե ժամանակահատված, որը կարալի է անցկացնել մուլտֆիլմեր կամ այդ տարիքի երեխաների համար նախատեսված հաղորդումներ դիտելով:1-ից 3 տարեկան երեխաները հեռուստացույցի մոտ պետք է անցկացնեն 30-ից 40 րոպե և ոչ ավելին:

3-ից մինչև 6 տարեկանը երեխաները օրվա մեջ կարող են հեռուստացույց դիտել 1.30 ժամից 2 ժամ` մեծ ընդմիջումներով:

Ինչպես զարգացնել երեխաների երաժշտական լսողությունը


Image

Գլխավոր կանոնը սահմանենք միանգամից` երախայի երաժշտական լսողությունը պետք է ձևավորել ու զարգացնել կյանքի առաջին իսկ օրերից:

Հայտնի է, որ շատ բաներ երեխաներն անում են նմանակելով մեծահասակներին.ուրեմն ինչպես չի կարելի մեղադրել գիրք չկարդացող այն երեխային, ում ծնողները երբևէ ձեռքները գիրք չեն վերցրել, նույն սկզբունքով էլ պետք չէ մեծ հույսեր փայփայել երեխայի երաժշտական լսողության հետ, եթե տանը չի հնչում երաժշտություն, մայրիկը կամ հայրիկը չեն նվագում կամ երգում: Չմոռանանք, որ Բախի և Մոցարտի հայրիկները երաժիշտներ են եղել: Մի նրբություն էլ. ասելով տանը հնչող երաժշտություն` բնավ նկատի չունենք ռուսական բլոտնոյ կամ արդի հայկական այն երգերը, որոնք մեղք է հայկական անվանել:

Սերտենք երկրորդ կանոնը: Երգեք կամ երգերով զուգակցեք ձեր երեխայի առօրյա գործողությունները:  Մայրիկները երեխաների համար, սովորաբար երգում են միայն փոքրիկին քնացնելիս, այնինչ կարելի է երգել, իսկ եթե ոչ մի կերպ չի ստացվում, ապա երաժշտություն միացնել նաև այլ գործողությունների ժամանակ.փոքրիկը նկարում է, ուտում, խաղում, թող այդ ամենը նա անի երաժշտության ուղեկցությամբ:

Էլ ինչ վիրտուոզ առանց երաժշտական գործիքի.այստեղից բխում է երրորդ կանոնը`Երեխան պետք է երաժշտական գործիքների նմանությամբ խաղալիքներ ունենա: Դաշնամուր, կիթառ, ջութակ. դուք կարող եք ընկերակցել փոքրիկին ու իսկական համերգ կազմակերպել, բայց չմոռանանք, որ ցանկացած խաղ-զվարճանք կարևոր դաս՝ օգուտ է հետապնդում: Այսպես, դուք կարող եք ձեր հերթական խաղի ժամանակ երեխային դո-ից սի նոտաները սովորեցնել, բացատրել, որ կան ցածր ու բարձր ձայներ: Շատ դաշնամուրների, անգամ դրանց ստեղնաշարերի վրա կենդանիներ կան պատկերված.սեղմելով արջի ստեղնը` ասեք, որ դա ցածր ձայն է, իսկ ծիտիկինը՝ բարձր:

 Կանոն չորրորդ` հիացեք ձեր փոքրիկի փոքրիկ ձեռքբերումներով: Չէ՞ որ երաժիշտներին ամենից շատ ոգևորում են ծափողջույնները. Ուրեմն՝ մի զլացեք:

 Երաժշտական լսողության զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկը՝ լսելն է: Կանոն հինգերորդ`երաժշտություն փնտրեք ամեն ինչի մեջ: Խոսքը ոչ թե տարատեսակ կաթսաներին ամբողջ ուժով հարվածելու, այլ հատկապես ապակյա առարկաներից գեղեցիկ հնչյուններ կորզելու մասին է: Ինքներդ կնկատեք, թե այդպիսի խաղի ժամանակ երեխան ինչպես է փնտրում զրնգուն ու տևական հնչյուններ ստանալու տարբերակներ՝ շուռումուռ տալով առարկաները:

 Երեխաների երաժշտական լսողությունը զարգացնելուն միտված տասնյակ վարժություններ կան, օրինակ՝ ռիթմի ընկալմանը նպաստում է կրկնի ծափահարությունը  վարժությունների շարքը, կարելի է անգամ ոտքերով որոշակի ռիթմ խփել ու խնդրել երեխային կրկնել:

Ամենակարևորը հիշեք` եթե որոշել եք երաժշտություն միացնել հատուկ երեխայի համար, դա չպետք է ֆոնային բնույթ կրի: Անջատեք հեռուստացույցը, եթե դրսից աղմուկը չափազանց բարձր է՝ փակեք պատուհանները. երեխան պետք է լսի երաժշտություն և ոչ թե աղմուկ գումարած երաժշտություն:

 Շարունակելով խորհուրդների շարքը, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում երաժշտական այն ուղղություններն ու տեսակները, որոնք առավել նպաստավոր են երեխայի երաժշտական լսողության զարգացման համար:

Մինչև երկու տարեկան երեխաների համար ընտրեք առավելապես պարզունակ երգեր` բաղկացած մի քանի բառից:

Ժանակառժամանակ թարմացրեք օրորոցայինների երգացանկը, որպեսզի փոքրիկը չձանձրանա:

Նախապատվություն տվեք ազգային, ժողովրդական երգ-երաժշտությանը:

 Մի սահմանափակվեք միայն հայկական ժողովրդական երգերով. մի փոքր ավելի մեծ երեխաները հաճույքով կլսեն նաև այլազգերի ազգային մեղեդիները:

Երեխային միայն լիրիկական երգեր մի առաջարկեք. թույլ տվեք նրան լսել  բազմազան ռիթմերով երաժշտություն:

 

ԱՄԵՆ ԻՆՉ 1 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՅԻ ՄԱՍԻՆ


Image

Արդեն, մոտավորապես, մեկ տարեկանում փոխվում է երեխայի վերաբերմունքը շրջապատող մարդկանց ու երևույթների նկատմամբ: Փոքրիկը սկսում է հասկանալ, որ կարողանում է ազդել մարդկանց վրա ու ակտիվորեն օգտվում է դրանից: Հետևելով մեկ տարեկան երեխայի վարքին` կարելի է եզրակացնել, որ նրան հատուկ է նմանակումը: Եթե այսօր մայրիկն օրորոցային երգելիս օրերում է տիկնիկին, հավատացեք, վաղը երեխան կրկնելու է այդ նույն գործողությունը:

Ակնհայտ փոփոխությունների շարքին է դասվում նաև փոքրիկի խոսքը: Թեև մեկ տարեկան երեխայի բառապաշրը շատ փոքր է, սակայն նա արդեն ավելի լավ է հասկանում որոշ բառերի անգամ նախադասությունների իմաստը: Այս հանգամանքը հուշում է, որ եկել է երեխայի համար գիրք կարդալու ժամանակը: Մեկ տարեկան փոքրիկի համար, սկզբնական շրջանում, գիրքը նույն խաղալիքն է. նա քաշքշում է դրա ծայրերից, փորձում թերթել, հատակին է գցում: Ձեր մեկ տարեկան ընթերցասերի համար գնեք հաստ կազմով, վառ ու հետաքրքրական նկարներով գրքեր, որոնք ավելի երկար կդիմադրեն փոքրիկի գրոհներին ու կապահովվեն խաղից-ընթերցանություն անցման փուլը: 

Ցանկանում եմ իմանալ. մեկ տարեկան փոքրիկին չափազանց հետաքրքիր են իրեն շրջապատող առարկաների անունները: Կարող եք առանձնացնել մեկ խմբի պատկանող առարկաներ ու հերթով թվարկել դրանց անունները:  Ահա փայլուն օրինակ. երեխան խաղում է մրգերով, իսկ մայրիկը կողքից հուշում է դրանց անունները: Ճիշտ նույն տարբերակով վաղը նրան կարելի է, չակերտավոր ասած, սովորեցնել տան կահույքի մաս համարվող առարկաների անունները, մյուս օրը դուրս գալ տանից ու ցույց տալ ծառը, քարը, խոտը, ավտոմեքենաները, փողոցի շներին ու կատուներին:

Ես կարող եմ. մեկ տարեկանը բոլորած շատ ճուտիկներ արդեն քայլում են: Սակայն քայլելուց զատ մեկ տարեկան երեխաներից շատերը կարողանում են քայլել ու հրել, քայլել ու քաշել, քարշ տալ խաղալիքն ու նետել:

Խոհանոց. վերադառնանք տուն ու ծանոթություն հաստատենք սպասք կոչվածի հետ: Արդեն մեկ տարեկանում երեխան միանգամայն կարող է գդալը մի ձեռքից մյուսը փոխանցել ու միանգամայն վստահ բռնել իր սիրելի բաժակը:

Կյանքի այս փուլում գտնվող երեխային հետաքրքիր են ոչ միայն այն առարկաները, որոնք դրված են իր առջև, այլև այն առարկաները, որոնք իրենից հեռու են: Բորբոքված դրանց հասնելու ցանկությամբ նրանք սողում են, գլորվում, իսկ եթե քայլում են, ապա նաև մագլցում ու բարձրանում այնպիսի տեղեր, որտեղից իջնել չեն կարողանում ու սկսում են լաց լինել: Լաց են լինում, որովհետև արդեն ընկալում են բարձրություն ասվածն ու սկսում են վախենալ:

 Տեսնում, լսում, զգում եմ. մեկ տարեկանի շեմին կանգնած ցմփորիկները խենթանում են իրենց շրջապատող, ծանոթ ու անծանոթ առարկաները շոշափելու, հոտոտելու, ուսումնասիրելու համար: Մինչ նրանցից ոմանք, մայրիկի հետ հայտնվելով խանությում ամեն գնով փորձում են ձգվել ու շոշափել մթերքներն ու անծանոթ առարկաները, մյուսները ճաշում են` հրաժարվելով գդալի ծառայություններից: Հավատացեք՝ երեխային պետք չէ արգելել ուտել մատներով, սա նրա աշխարհաճանաչման գործնթացի կարևորագույն փուլերից է:

Շոշափելու, համտեսելու և տեսնելու հետ մեկտեղ, երեխան ակտիվորեն մարզում է նաև իր լսողությունը: Ահա մի գործողություն, որը վերը բերվածի ամենավառ ապացույցն է. գործողություն, որի աղմուկին քչերն են երկար դիմանում, բայց գործողություն, որը ևս չպետք է արգելել: Մեկ տարեկան փոքրիկը սիրով փորձարկումներ է կատարում նաև իր ձայնի հետ:

Մեծ հաշվով, երեխան իր բացահայտումների մեծ մասն իրականացնում է խաղի միջոցով: Ավանդական խաղալիքներից զատ, նրա խաղի ընկերը կարող են դառնալ խորանարդիկները, որոնք նա կփորձի իրար վրա դասավորել,  տարաները, որոնք նա կփորձի շրջել՝ պարունակությունը դատարկելու նպատակով: Ըստ էության, նրանց գործողությունների մեծ մասը մեկ նպատակ է հետապնդում՝ սովորել կիրառել առարկաներն ըստ նշանակության:

Մեկ տարեկան երեխայի ֆիզիկական և հոգեբանական  լիարժեք զարգացումը մատնանշող գործողություններից մի քանիսը՝ բլից տարբերակով:

Մեկ տարեկան երեխան կարողանում է

Լավ սողալ, չոչ անել կամ նույնիսկ քայլել:

Հանգիստ ու  ապահով նստում է իր աթոռին:

Օգտվում է կենցաղային որոշ առարկաներից:

Կարողանում է ինքնուրույն սնունդ ընդունել:

Մեկ տարեկան շատ փոքրիկներ հաճույքով խոսում են հեռախոսով…դե, իբր թե խոսում են հեռախոսով:

Սիրում են զբոսնել:

Անթաքույց արտահայտում են իրենց զգացմունքները:

Կատարում են որոշ հրահանգներ՝ վերցրու, տուր, կեր, նետիր և այլն;

Բացում են իրենց հասանելի դարակներն ու դուրս բերում դրանց պարունակությունը: