Ինչպես զարգացնել երեխաների երաժշտական լսողությունը


Image

Գլխավոր կանոնը սահմանենք միանգամից` երախայի երաժշտական լսողությունը պետք է ձևավորել ու զարգացնել կյանքի առաջին իսկ օրերից:

Հայտնի է, որ շատ բաներ երեխաներն անում են նմանակելով մեծահասակներին.ուրեմն ինչպես չի կարելի մեղադրել գիրք չկարդացող այն երեխային, ում ծնողները երբևէ ձեռքները գիրք չեն վերցրել, նույն սկզբունքով էլ պետք չէ մեծ հույսեր փայփայել երեխայի երաժշտական լսողության հետ, եթե տանը չի հնչում երաժշտություն, մայրիկը կամ հայրիկը չեն նվագում կամ երգում: Չմոռանանք, որ Բախի և Մոցարտի հայրիկները երաժիշտներ են եղել: Մի նրբություն էլ. ասելով տանը հնչող երաժշտություն` բնավ նկատի չունենք ռուսական բլոտնոյ կամ արդի հայկական այն երգերը, որոնք մեղք է հայկական անվանել:

Սերտենք երկրորդ կանոնը: Երգեք կամ երգերով զուգակցեք ձեր երեխայի առօրյա գործողությունները:  Մայրիկները երեխաների համար, սովորաբար երգում են միայն փոքրիկին քնացնելիս, այնինչ կարելի է երգել, իսկ եթե ոչ մի կերպ չի ստացվում, ապա երաժշտություն միացնել նաև այլ գործողությունների ժամանակ.փոքրիկը նկարում է, ուտում, խաղում, թող այդ ամենը նա անի երաժշտության ուղեկցությամբ:

Էլ ինչ վիրտուոզ առանց երաժշտական գործիքի.այստեղից բխում է երրորդ կանոնը`Երեխան պետք է երաժշտական գործիքների նմանությամբ խաղալիքներ ունենա: Դաշնամուր, կիթառ, ջութակ. դուք կարող եք ընկերակցել փոքրիկին ու իսկական համերգ կազմակերպել, բայց չմոռանանք, որ ցանկացած խաղ-զվարճանք կարևոր դաս՝ օգուտ է հետապնդում: Այսպես, դուք կարող եք ձեր հերթական խաղի ժամանակ երեխային դո-ից սի նոտաները սովորեցնել, բացատրել, որ կան ցածր ու բարձր ձայներ: Շատ դաշնամուրների, անգամ դրանց ստեղնաշարերի վրա կենդանիներ կան պատկերված.սեղմելով արջի ստեղնը` ասեք, որ դա ցածր ձայն է, իսկ ծիտիկինը՝ բարձր:

 Կանոն չորրորդ` հիացեք ձեր փոքրիկի փոքրիկ ձեռքբերումներով: Չէ՞ որ երաժիշտներին ամենից շատ ոգևորում են ծափողջույնները. Ուրեմն՝ մի զլացեք:

 Երաժշտական լսողության զարգացման կարևորագույն նախապայմաններից մեկը՝ լսելն է: Կանոն հինգերորդ`երաժշտություն փնտրեք ամեն ինչի մեջ: Խոսքը ոչ թե տարատեսակ կաթսաներին ամբողջ ուժով հարվածելու, այլ հատկապես ապակյա առարկաներից գեղեցիկ հնչյուններ կորզելու մասին է: Ինքներդ կնկատեք, թե այդպիսի խաղի ժամանակ երեխան ինչպես է փնտրում զրնգուն ու տևական հնչյուններ ստանալու տարբերակներ՝ շուռումուռ տալով առարկաները:

 Երեխաների երաժշտական լսողությունը զարգացնելուն միտված տասնյակ վարժություններ կան, օրինակ՝ ռիթմի ընկալմանը նպաստում է կրկնի ծափահարությունը  վարժությունների շարքը, կարելի է անգամ ոտքերով որոշակի ռիթմ խփել ու խնդրել երեխային կրկնել:

Ամենակարևորը հիշեք` եթե որոշել եք երաժշտություն միացնել հատուկ երեխայի համար, դա չպետք է ֆոնային բնույթ կրի: Անջատեք հեռուստացույցը, եթե դրսից աղմուկը չափազանց բարձր է՝ փակեք պատուհանները. երեխան պետք է լսի երաժշտություն և ոչ թե աղմուկ գումարած երաժշտություն:

 Շարունակելով խորհուրդների շարքը, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում երաժշտական այն ուղղություններն ու տեսակները, որոնք առավել նպաստավոր են երեխայի երաժշտական լսողության զարգացման համար:

Մինչև երկու տարեկան երեխաների համար ընտրեք առավելապես պարզունակ երգեր` բաղկացած մի քանի բառից:

Ժանակառժամանակ թարմացրեք օրորոցայինների երգացանկը, որպեսզի փոքրիկը չձանձրանա:

Նախապատվություն տվեք ազգային, ժողովրդական երգ-երաժշտությանը:

 Մի սահմանափակվեք միայն հայկական ժողովրդական երգերով. մի փոքր ավելի մեծ երեխաները հաճույքով կլսեն նաև այլազգերի ազգային մեղեդիները:

Երեխային միայն լիրիկական երգեր մի առաջարկեք. թույլ տվեք նրան լսել  բազմազան ռիթմերով երաժշտություն:

 

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s